Արարատ
Արարատը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է: Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ:
Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային: Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։Արարատի մարզը տնտեսապես ՀՀ ամենազարգացած մարզերից է:
Արարատ մարզի քաղաքները չորսն են՝
1.Արտաշատ քաղաքի անունը առնչվում է պարսկերենի հետ։ Սկբնական անունը եղել է Արտաշաշատ (Արտայի / Արտաշեսի/ ուրախություն)։ Սակայն հետագայում շաշատ-ուրախություն բառի երկրորդ շա-ն սղվել է և քաղաքի անունը վերափոխվել է Արտաշատի։
2.Արարատ քաղաքը իր անվանումը ստացել է 1947 թվականին Արարատ լեռից, որը գտնվում է 7 կիլոմետր հեռավորության վրա` Արարատյան դաշտում։Քաղաքը հիմնադրվել է 1939 թվականին` մինչ օրս ունենալով Դևալու, Դավալի անվանումները։
3.Մասիս: Մինչև 1950թ. քաղաքը կրում էր Ուլուխանլի անվանումը։ Մասիս է անվանվել Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1950թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով։
4.Վեդի քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ. ըստ առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմի ժամանակ. մինչ այդ ունեցել էքաղաքատիպ ավանի կարգավիճակ։
Արարատ մարզի տեսարժան վայրերն են՝
Դվին
Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ 330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում` պալատական բարձր պաշտոնյաները։ Ավելի հոյակապ և չափսերով ամենամեծ (30,41մx58,17մ հատակագծով) հայկական եկեղեցին դա Գրիգորի մայր տաճարն էր, որը կառուցվել էր IIIդ. որպես եռանավ հեթանոսական տաճար, բայց IVդ. վերափոխվեց քրիստոնեականի: Vդ. կեսին կցվեց նաև արտաքին կամարակապ սրահ: VIIդ. սկզբին տաճարը վերակառուցվեց խաչաձև գմբեթային տաճարների տիպի: Խորանային աբսիդը զարդարում էր խճանկարը` պատրաստած VIIդ. բազմերանգ գունապակու և տուֆի հատիկներից, որը պատկերում էր Աստվածամորը, որը նրա ամենահին խճանկարային պատկերումն էր Հայաստանի տարածքում:
Խոր-Վիրապ վանք-ամրոց
Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ: Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը:
Կաքավաբերդ
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:
Վիշապաքարեր
Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին և այլ վայրերում հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ, որոնք հայտնի են «Վիշապաքարեր» անունով։Վանքի լճի մոտ (Գեղամա լեռներում) պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3,5մ է: