Տավուշ
Տավուշի մարզը ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբավոր, կենտրոնական և արևմտյան մասերը` (Իջևանի տարածաշրջան)` Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիքի աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում:
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվանդանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություններ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:
Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:
Տավուշի մարզի տեսարժան վայրերն են՝
Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր
Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։
Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)` անվանելով Նոր Գետիկ։
Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության` խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291թ.-ին։ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը դուստրերի հետ գործել է Փրկչի և սրբերի պատկերներով վարագույր ու նվիրել վանքին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու` ովքեր այն տեսնում էին, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց այդպիսի «ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել...»։ Խորանի անկրկնելի վարագույրը պատրաստված է եղել այծի շատ փափուկ աղվամազից։ Բարեպաշտ Արզուխաթունը ոչ միայն Նոր Գետիկի, այլև Հաղպատի, Մակարավանքի ու Դադիվանքի եկեղեցիների համար էլ է պատրաստել վարագույրներ ու ծածկոցներ, քանի որ ըստ Գանձակեցու` «չափազանց սիրում էր եկեղեցիները»։
Դեղձնուտի վանք
Դեղձնուտի վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից մոտ 15կմ հարավ-արևելք, անտառի խորքում։
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից և մատուռից։ Շուրջը հին բնակավայրի ավերակներ են և գերեզմանոց։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ մուգ վարդագույն տուֆով, ունի «գմբեթավոր դահլիճի» հորինվածք։ Աբսիդի երկու կողմերում կան երկհարկանի ավանդատներ, որոնց երկրորդ հարկի մուտքերը բեմից են։ Պատերը դրսից մշակված են հարդարանքով հարուստ որմնակամարաշարով։ Գավիթը շինված է նույն քարից, ունի համարյա քառակուսի հատակագիծ։ Պատկանում է «կենտրոնակազմ, խաչվող կամարներին դրվող ծածկով» գավիթների տիպին և ունի XIIIդ. նվիրատվական արձանագրություններ:
Հաղարծին վանքային համալիր
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։
Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Արևմտյան մասում է սեղանատունը, որն ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի շինարարական արձանագրության կառուցվել է 1248թ.-ին: Հայաստանում նմանօրինակ երկու պահպանված կառույցներից մեկն է (մյուսը` Հաղպատում): Հորինվածքով երկարավուն դահլիճ է: Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:
Մակարավանք վանքային համալիր
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի,Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է թե ինչ է պատահել որդուն։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։Մակարավանքի երկրորդ` հնագույն եկեղեցին (X-XI դդ.) համալիրի հյուսիս-արևելքում է։
Ջուխտակ վանք
Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Դիլիջանից 3կմ հյուսիս-արևմուտք, անտառապատ լեռնալանջին։
Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը), որոնցից արևմտյանը` Ս.Աստվածածինը, ըստ շքամուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1201թ.-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով։ Միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է` բեմի երկու կողմում նեղ ավանդատներով։ Հարուստ է վիմական արձանագրություններով (արևմտյան պատուհանի պսակի արձանագրությունում հիշատակվում է կառուցող վարպետի` Սարգսի անունը)։ Մուտքի երկու կողմում նրբին քանդակազարդերով խաչքարեր են։
Ջուխտակ վանքի երկրորդ` Ս.Գրիգոր եկեղեցին գմբեթավոր (պահպանվել է գմբեթի գլանաձև թմբուկի ստորին մասը) դահլիճ է, որի կիսաշրջանաձև աբսիդի երկու կողմում կրկնահարկ ավանդատներ են։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ հայտնի չեն։ Ս.Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրությունից ենթադրվում է, որ նրա կառուցման ժամանակ Ս.Գրիգորը արդեն կանգուն է եղել։ Երկու եկեղեցին էլ կառուցված են բաց դեղնավուն ֆելզիտի սրբատաշ բազմերանգ քարերից։ 1973-1977թթ.-ին կատարվել են Ս.Գրիգոր եկեղեցու վերանորոգման աշխատանքներ:
Սրվեղի վանք
Միջնադարյան հայկական վանք է Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։։ Այն կառուցվել է 13-րդ դարում:
Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Կիրանց հուշարձանախմբից հետո շրջանում սա երկրորդ աղյուսաշեն հուշարձանախումբն է։
Սրվեղի համալիրի վանքի ընդհանուր համալիրը բաղկացած է հետևյալ մասերից՝
- Սուրբ Աստվածածին
- Սուրբ Նշան
- Խուցեր
- Ձիթհանք
- Օժանդակ շինություններ (ժամանակին առնված են եղել շրջապարիսպի մեջ)
Վանքի տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ։
Գոշի լիճ
Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2կմ հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների գրկում:
Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 քառ.կմ է. երկարությունը` 100մ, լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է, ջրի ծավալը՝ 1500 խոր.մ։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14° C։
Լաստիվեր
Երկհարկ քարանձավը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3կմ հեռավորության վրա:
Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ: Բուռն գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Եվ այդ բնության մեջ իր ուրույն տեղն ունեն խոնավ կլիման ու ձորի լանջերից կախված սպիտակ ամպիկները:
Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը:Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:
Մաթոսավանք
Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա:
Համալիրը բաղկացած է միմյանց կից երեք շենքերից. փոքր եկեղեցի, գավիթ և հարավից հարող գրատուն: Վանքից հարավ-արևելք տարածվում է միջնադարյան գերեզմանոց:
Համաձայն արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1247 թ.-ին: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կանգնած է հարուստ հարդարանքով խաչքար` 1251 թ.-ի արձանագրությամբ:
Եկեղեցու ներսի պատերին կան բազմաթիվ բարձրաոճ խաչքարեր: