Սյունիք
Սյունիքի մարզը սահմանակից է Իրանին, արևմուտքից` Նախիջևանում, արևելքից Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին:Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Սյունիքի մարզի քաղաքներն են՝
Կապան - Սյունիքի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ 800 մ բարձրության վրա: Կապան անունը քաղաքը ստացել է Կապան գետի անունից, որի վրա գտնվում է։
Գորիս - Գորիսը հիմնադրվել է 1870 թ.-ին` որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից։ Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան-Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Դաստակերտ - Հանդիսանում է Հայաստանի ամենափոքր քաղաքը: Քաղաքի կարգավիճակ է շնորհվել 1995–ին։
Սիսիան - Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։
Քաջարան- Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Ողջի գետի վերնագավառում, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Քաղաք է 1958-ից։
Ագարակ- Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին, որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։
Մեղրի - Քաղաքի տնտեսությունում հիմանականում զարգացած է արդյունաբերությունը և մասնավորապես սննդի արդյունաբերությունը, այստեղ կան բավականին հացի, պանրի, պահածոների գործարաններ, ինչպես նաև այստեղ պատրաստում են յուրահատուկ գինի։
Սյունիքի մարզի տեսարժան վայրերն են՝
Զորաց քարեր /Քարահունջ/
Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ:
Հալիձորի բերդ
Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավ-արևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են` հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում` ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են` ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։
Որոտնաբերդ
Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.)։
Տաթևի վանք
Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ։Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.։ Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։
Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին (կառուցել է վանահայր Հակոբ եպիսկոպոսը, Xդ. կեսերին)։ Արևելյան պատի մոտ կանգուն է XIIIդ. խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրությամբ
Սատանի կամուրջ
Տրավերտինից բնական կամուրջ է, որը գտնվում է Որոտան գետի կիրճում , Տաթև գյուղից արևելք։ Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։
Շաքիի ջրվեժ
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է:
Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի... Համաձայն ավանդության, մի զավթիչ` տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին` չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։
Խնձորեսկ
Խորը ձորի լանջերին, ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում մի հսկայական ժայռափոր բնակավայր:
Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին:
Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:
Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա:
Ամեն մի քարայր, ամեն մի ուղի սարքած էր այնպես, որ առավելագույնս արդյունավետ ծառայի իր նպատակին: Յուրաքանչյուր անձ գիտեր իր անելիքը թշնամու ներկայության դեպքում: Պաշարված վիճակում բնակիչները կարող էին մնալ որքան ասես երկար ժամանակ` ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորելու շնորհիվ: Թշնամին հարձակվում էր հսկայական ու լավ զինված բանակներով, սակայն ապարդյուն: