Վայոց ձոր
Վայոց Ձորի մարզը սահմանակից է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։
2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենիի քարանձավի տարածքում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։
Կոշիկը պատրաստվել է մ.թ.ա. 3500 թթ-ին՝ էնեոլիթի կամ պղնձա-քարային դարաշրջանում։ Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չի։ Կոշիկը ունի եվրոպական չափերով 37 համար։
Այդ կոշիկն արդեն տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան, այն այժմ կոնսերվացման կարիք ունի։
Վայոց Ձորի տարածքը նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, կազմելով նրա Վայոց Ձորի գավառը: Որոշ ժամանակ եղել է Օրբելյան և Պռոշյան նախարարական տների ժառանգական կալվածքը: Ռուսաստանին միանալուց հետո կազմում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառը:
Մարզի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:
Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ:
Վայոց Ձորի տեսարժան վայրերն են՝
Արենի
Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ XIIIդ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի։
Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։
Գնդեվանք
Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր,Գագիկ թագավորի քույրը։ Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։ Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։
999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ։ Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։
Նորավանք
Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:
Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինն է (1339թ)։
17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։
Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն
Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ):
Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:
Սմբատաբերդ
Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։
Սպիտակավոր վանք
Վանքը գտնվում է Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար։
Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք։
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:
Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր:
Ջերմուկի մեծ ջրվեժ /ջրահարսի վարսեր/
Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը:
Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:
Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում... Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Արջերի քարանձավ