Շիրակ
Շիրակը հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ է, որը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Լոռու մարզին և հարավից՝ Արագածոտնի մարզին:։ Գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո /առաջնորդարանը` քաղաք Գյումրիում/, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում` Աշոցքի սարահարթը:
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Շիրակի մարզի տեսարժան վայրերն են՝
Լմպատավանք
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում:
Հառիճավանք վանքային համալիր
Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր է: Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարյե և Իվենե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։
Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում սովորել է Ավ. Իսահակյանը:
Մարմարաշենի վանք
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։
Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։
Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։
Երրորդ եկեղեցին (XIդ.) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։
Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի
Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական` այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք` ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց: Նկարում պատկերված էր Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են`
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախնելը,
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- խաչը տանելիս,
- Հիսուսի մահը խաչին,
- Հիսուսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը