ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 10-ից հռչակվել է անկախ, սակայն նրա անկախությունը միջազգայնորեն չի ճանաչվել: Անկախության տոնը նշվում է Սեպտեմբերի 2-ին: Ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչատարածքայնորեն բաժանված է 8 շրջանների`(Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի և Քաշաթաղի):
ԼՂՀ դրոշը ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը:
Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը:
Շուշի
Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Վարանդա գավառում։ Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են 9-12-րդ դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն:
Շուշիի զարդը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, կառուցված 1868-1887 թթ. :Կազմված է եկեղեցուց և զանգակատնից:
Շուշիում է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր կենտրոնը և առաջնորդի նստավայրը: Մինչ 1990-ականները Հայաստան այցելող սփյուռքահայերի, ինչպես նաև բոլոր հայերի համար ի թիվս հազարավոր հուշարձանների ու կոթողների, կար 2 սրբավայր, ուր ավանդաբար այցելում էին` Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծ Եղեռնի հուշահամալիր թանգարանը Երևանում:
Այժմ այդ ցուցակում ավելացել է երրորդ սրբավայրը` Շուշին:
Ստեփանակերտ
Ստեփանակերտը գտնվում է Շուշիից ընդհամենը 10 կմ հյուսիս:
Բնակչությունը 50.000 մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Անվանվել է Ստեփան Շահումյանի պատվին:
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը: Հետագայում ևս նախագծեր եղել են, սակայն պահպանվել է Թամանյանի նախագծած տարբերակը:
Այստեղ տեսնում ենք ԼՂՀ-ի Ազգային Ժողովի շենքը և օդանավակայանը:
Ստեփանակերտի օդանավակայանը 20 տարի դադարից հետո մոտ ժամանակներս կշարունակի գործել` ընդունելով ամենաժամանակակից ինքնաթիռներ: Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, այժմ պատրաստում են երիտասարդ մասնագետների` կարգավարների, ավիացիոն փոխադրումների և այլ ծառայությունների մասնագետների:
Երևանից Ղարաբաղ հասնելու համար զբոսաշրջիկները հարկադրված են 5-6 ժամ անցնել ոլորապտույտ ավտոճանապարհով, որը ձմռանը դառնում է վտանգավոր, իսկ երբեմն էլ` անանցանելի:
Օդային տրանսպորտի բացակայությունը զբոսաշրջիկների անբավարար հոսքի հիմնական պատճառներից մեկն է:
Օդային կապը հնարավորություն կտա ոչ միայն աշխուժացնել տուրիզմի հատվածը, այլև հանրապետության կյանքը:
Օդանավակայանի բացումը հետաձգելու հիմնական պատճառը վազքուղու երկու վերջավորություններից ոչ հեռու գտնվող բլուրներն են, որոնք որոշ չափով խանգարելու էին մեծ օդանավերով թռիչքներ իրականացնել: Բայց այժմ վազքուղու լայնացման աշխատանքները մոտենում են ավարտին: Ենթադրվում է, որ կանոնավոր չվերթներ կիրականացվեն Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ, տոմսի արժեքը կկազմի 16.000 դրամ:
ԼՂՀ խորհրդանիշն է հանդիսանում Մենք ենք, մեր սարերը հուշարձան կոթողը, որը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»:
Տեղադրվել է 1967 թվականին:
Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից:
Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես: Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները: Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ: Այդ գործը հենց «Մենք ենք, մեր սարերը» քանդակն է:
Գյուղ վանք
Զբոսաշրջային հանգրվան է հանդիսանում Վանք գյուղի շրջակայքում կառուցված համալիրը, որը հայտնի է իր ժայռափոր առյուծով, որի խոռոչում տեղադրված են լույսեր: Ասում են, որ ժամանակ առ ժամանակ առյուծը մռնչում է: Համալիրը կառուցվել է Վանք գյուղի բնակիչներից մեկի կողմից, և ապահովում է աշխատատեղեր գյուղի բնակչության մեծ մասի համար: Այս համալիրում է գտնվում նաև Տիտանիկ հյուրանոցը` իր Վան Գոգ ռեստորանով, գազանանոցը:
Գյուղ Վանքից փոքր հեռավորության վրա գտնվում է Գանձասար վանական համալիրը: Կառուցվել է 13 րդ դարում իշխան Հասան Ջալալի կողմից: Դարեր շարունակ այն եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ. Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։
Դադիվանք
Հնագույն վանական համալիր Արցախում: Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում:
XII դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա:
Դադիվանքի համալիրը բաղկացած է շինությունների երկու մեծ խմբերից. հյուսիսում եկեղեցիներն են, գավիթները, ժամատունը, հարավում՝ աշխարհիկ շենքերը:
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում արցախահայության շրջանում:
Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է՝ հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ:
Տիգրանակերտ
Հայկական և հունա-հռոմեական սկզբնաղբյուրներից հայտնի էր, որ հայոց արքա Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55 թթ.) հիմնադրել էր իր անունը կրող 4 քաղաքներ, որոնցից մեկը գտնվում էր ԼՂՀ-ում:
2005թ. Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը հայտնաբերել է Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Քաղաքի պեղումները ֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության և «Երկիր» միության կողմից` մոտ 30 մլն դրամ:
Տիգրանակերտ քաղաքի հարևանությամբ գտնվում է ուշ շրջանի կանգուն ամրոց, որի ներսում միջնադարում կազմակերպվում էր առևտուր հայերի և պարսիկների միջև, իսկ ներկայումս այն դարձել է զուտ զբոսաշրջային այցելավայր:
Թանգարանում ներկայացված են փաստաթղթային նյութեր, երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքից արժեքավոր իրեր` 5-8 դարերի կավե տարաներ, խաչեր, ափսեներ, կարասներ և այլն:
2011թ. հոկտեմբերի սկզբին CNN-ը ցուցադրեց Տիգրանակերտի պեղումների մասին պատմող Երկիր Մեդիա հեռուստաընկերության ֆիլմը:
Ամարաս
Համաձայն հայ պատմիչների վկայությունների` Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է առաջին դպրոցը: V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ: 821 թ-ին վանքն ասպատակում են արաբները:
Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թ-ին` Լենկթեմուրի արշավանքների ժամանակ: Սակայն վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: XV-XVI դդ. այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է: Վերաբացվել է 1992 թ-ին որպես ԼՂՀ հոգևոր թեմի գործող վանք:
Վանքը կառուցված է հարթ տեղանքում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ: Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսից ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ:: Եկեղեցու բեմի տակ գտնվում է ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը:
Տնջրի
Դա ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է:
Տնջրին 2030 տարեկանհսկա չինարի ծառ է: Ծառի բարձրությունը 54 մետրից ավելի է ,մոտ18 հարկանի շենքի բարձրությամբ։
Խոռոչը ունի 44 ք.մ մակերես: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար:
Ծառի մոտ բխում է ջրառատ Տնջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները:
Տաք Ջուր
Գոյություն ունի նաև տաք ջրի աղբյուր, որը տեղաբնակները անվանել են Իստիսու` այլ կերպ ասած` Տաք ջուր:
Շահումյանի շրջանը մեծ հեռանկար ունի բարձրորակ հանքային ջրի հիմքի վրա կազմակերպելու առողջարանային ժամանակակից համալիր, ինչպես նաև հանքային ջրերի գործարան: Հանքային ջուրը որակական նմանություն ունի հանրահայտ Ջերմուկ հանքային ջրին: Սակայն այս ներուժը դեռևս արդյունավետ չի օգտագործվում:
Տաք ջրի մոտակայքում եղել է առողջարան, որից այժմ միայն ավերակներ են մնացել, ավիրված վիճակում է նաև հանքային ջրերի գործարանի շենքը: Աղբյուրի մոտ կանգուն է մնացել էլեկտրահաղորդակցման սյունը և մետաղական կոնստրուկցիաներ, և քանի որ հիմա խողովակներ չկան ջուրը շիթով դուրս է գալիս հողի տակից` ստեղծելեվ հրաշալի տեսարան:
Խոհանոց
Ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Արցախը ունի իր յուրահատուկ խոհանոցը, որը շատ նմանություններ ունի հայկական խոհանոցի հետ` ավանդական խորոված, հարիսա, դոլմա և այլն: Սակայն մենք այսօր ուզում ենք առանձնացնել արցախյան խոհանոցին բնորոշ կերակրատեսակները: Դրանցից թերևս ամենահայտնին և ազգայինը <<ժնգյալով հացն է>>, որը ներառում է շուրջ 40 բուսատեսակ: Ազգային են համարվում նաև կուրկուտը, սպասը և մի շարք այլ կերակրատեսակներ և ավանդական թթի օղին, որը ունի իր բրենդը: