Գեղարքունիք
Գեղարքունիքի մարզն իր տարածքով ամենամեծն է: Մարզկենտրոնը Գավառն է:Այն հիմնադրել են 1830 թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը՝ պատմական Գավառականի տեղում։ Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է՝ սկզբում Նոր Բայազետ, ապա Կամո: Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ։ Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ։
Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում: Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:
Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերն են՝
Գավառ
Գավառը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից - 98կմ։ Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մեջ ցցված քարաժայռի գլխին եղել է նախաուրարտական բերդ-շեն, որը գրավել է ուրարտական Ռուսա թագավորը և նոր կառուցումներ կատարել։ Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը գտնվեց այստեղ´ 1927թ.։ Միջին դարերում այս բնակավայրը կոչվել է Գավառ, որի Քյավառ ժողովրդական անվանումը կենդանի է և այժմ։ Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374թ.։ Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետո´ 1830թ., որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի կոչում են Նոր Բայազետ։ Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ
Հայրավանք
Հայրավանք IX-XIIդդ. վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավթով։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
Սևանավանք
Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա: Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։
Վանևան
Վանեվանը գտնվում է Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում: Վանևանում 914-ին թաղվել է հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին: