Կոտայք
Կոտայքը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։ Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը: Մարզը լեռնային է, և հանդիսանում է միակ մարզը, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը: Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան: Անտառապատ է մարզի կենտորանական շրջանը։ Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին` Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք:
Կոտայքի մարզի տեսարժան վայրերն են՝
Բջնի գյուղի տեսարժան վայրեր
Գտնվում է Հրազդան գետի ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ պատմամշակույթային հուշարձաններով։
Բջնի բերդ - ռազմական կառույց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Սարահարթի վրա Պահլավունի իշխանները X-XIդդ. հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։
Սուրբ Աստվածածին եկեղեցի /1031 թ/
Սուրբ Սարգիս եկեղեցի-Բջնիի արևելյան մասում, բլրի գագաթին, VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցին։ Իր փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են։
Գառնիի հեթանոսական տաճար
Գառնի ամրոց, հնավայր Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. II դ։ Մ.թ. I դ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ I դ. 70-ական թթ Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IV դ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IX դ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XV դդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։
Գեղարդի վանք
Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝Զաքարյանների օրոք։
Գետարգելի վանք/Ձագավանք/
Ձագավանքը (Գետարգելի Ս. Նշան վանք) գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Հիմնադրվել է վաղ միջնադարում, վանքի հնագույն եկեղեցին VII դ. եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր կառույցներից է:
Ս. Զորավար եկեղեցի
Զորավար (Եղվարդի Ս.Թեոդորոս վանք) եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3կմ հյուսիս-արևելք։ Կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը 661-685թթ.-ին։
Թեղենյաց վանք
Վանական համալիր է պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մետր արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։
Ժայռապատկերներ/պետրոգլիֆներ/
Գեղամա լեռներում, Արագածի և Ուղտասարի լանջերին հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից հնագույնները ստեղծվել են 9000 տարի առաջ:Դրանց բնորոշ են տվյալ վայրում ապրած կենդանիների, երբեմն՝ մարդկանց պատկերներ. որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի տեսարաններ: Ոմանք արտահայտում են հնագույն ժրջանի պաշտամունքին վերաբերվող խորհրդանիշներ:
Վարպետ Լևոնի քարանձավ/Առինջ գյուղ/
Վարպետ Լևոնը այս քարանձավ-տապանը կառուցել է ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում՝2005 թ: 20 երկար ու ձիգ տարիներ շարունակ աշխատել է` քանդակելով ընդհատակյա սրահներ և միջանցնքներ: Այս քարանձավը հաճախ նմանեցնում են Նոյի տապանին և համարում, որ սա էլ երկրորդ տապանն է, բայց ոչ թե ջրից, այլ կրակից փրկվելու համար: Իսկ այս հսկայածավալ աշխատանքաը սկսվել է մի սովորական օր, երբ Լևոնի կինր խնդրեց իրեն կառուցել մի մառան` կարտոֆիլները պահելու համար: Եվ այսպես Լևոնը սկսեց փորել սենյակներից մեկի մոտ` մի փոքր պահեստ կառուցելու նպատակով: Բայց փորելիս նրա բահը դիպավ մի մեծ քարաբեկորի, և վարպետը սկսեց քանդել այն: Նա այլևս չկարողացավ դադարել փորելուց, քանի որ նա ամեն օր երազ էր տեսնում: Երազում ինչ որ ձայն նրան անդադար հորդորում էր շարունակել: