Շրի Լանկա, կղզային պետություն Ասիայում՝ Հնդկական օվկիանոսում։ Մայրաքաղաքը` Կոլոմբո։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում գերակշռում են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են. միայն հարավային մասն է զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։
Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ։ Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն։
Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է։ Թեյի արտադրությամբ և արտահանությամբ Շրի Լանկան զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում։ Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան, արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, համեմունքներ, արքայախնձոր, ադամաթուզ։ Ավանդական են նաև ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը։
Արդյունաբերության մեջ գերակշռում են մանր արհեստագործական ձեռնարկությունները։ Շրի Լանկան աշխարհում առաջին տեղն է գրավում բարձրորակ գրաֆիտի հանույթով, կարևոր նշանակություն ունի նաև իլմենիտ, շափյուղա, ծովակն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանույթը։ Մշակող արդյունաբերության ավանդական ճյուղերն են թեյի, կաուչուկի վերամշակումը, կոպրայի (կոկոսապտղամիս) և կոկոսի յուղի արտադրությունը։
Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում՝ հնդկեղեգից շինված և արմավենու տերևներով կամ բրնձի ծղոտով ծածկված խրճիթներում։
Կլիմա
Կլիման տրոպիկական է՝ մուսոնային սեզոններով: Տեղումների գրեթե 95%-ը մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին են բաժին հասնում և հիմնականում գիշերային ժամերին: Մյուս ամիսների ընթացքում բավական չոր է եղանակը, այդ իսկ պատճառով նոյեմբերից մինչև ապրիլ Շրի Լանկայում հանգստանալու ամենաբարեհաջող ժամանակահատվածն է: Օդի ջերմաստճանը գրեթե երբեք չի փոխվում և ամբողջ տարին 28-30 ºС է, բացառությամբ լեռնային շրջանների, որտեղ ջերմաստճանն իջնում է մինչև +10 ºС: Միջինում ջրի ջերմաստճանը 26 ºС է:
Երկիրը գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է: Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է: Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները: Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի:
Մշակույթ
Կղզու ամենավառ տեսարժան վայրերից մեկը Սիգիրիա բերդն է: Այն լիովին կարող է համարվել աշխարհի նոր հրաշալիքներից մեկը: Այս միջնաբերդը գրավում է բոլոր նրանց, ովքեր այցելում են Շրի Լանկա: Հրաշք-բերդը կառուցվել է 180-մետրանոց Առյուծի ժայռի վրա տասնհինգ դար առաջ: Այստեղ՝ քարանձավների ներքին պատերին, կարելի է տեսնել հայտնի փորագրություններ՝ արված բնական ներկով: Սիգիրիի որմնանկարները հայտնի են ողջ աշխարհում: Ակնառու օրինակներ են հնագույն սինգալյան գեղանկարները: Կանդի քաղաքում ուշադրություն է գրավում Սինգալյան հնագույն պետական պալատը, ինչպես նաև՝ հայտնի Բուդդայի Ատամը տաճարը, որտեղ պահպանվում է համապատասխան սրբությունը: Լեգենդի համաձայն՝ ատամը հայտնաբերվել է Հնդկաստանում՝ լոտոս ծաղկի վրա:
Որոշ ծեսեր, կապված Բուդդայի ատամի հետ, վերածվել են փառատոնների: Այդպիսիներից է Էլասա Պերահերա երթը, որը կազմակերպվում է ամեն տարի օգոստոսին լիալուսնի օրը: Մեծ ձգողական ուժ ունի նաև Անուրադհապուրան: Այս քաղաքը թանգարան ու սրբավայր է ոչ միայն Շրի Լանկայի, այլև այլ քաղաքների բուդդիստների համար: Անուրադհապուրայում պահպանվել են մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ: Քաղաքի կենտրոնում կանգնեցված է շքեղ Ռուվանավելլին: Մ.թ.ա. 2-րդ դարում կառուցված այս հուշարձանը համարվում է Շրի Լանկայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Նույնիսկ մեկ ամբողջ օրում հնարավոր չէ ամբողջապես շրջել բաց երկնքում գտնվող այս հետաքրքիր հուշարձանով: Անուրադհապուրայից քիչ հեռու՝ Պոլոնարուվեում է գտնվում Սինհալի պետության վաղ ժամանակների մայրաքաղաքի ավերակները: Այստեղ կարելի է տեսնել պալատի մնացորդները: Առավել լավ պահպանվել է Վատադագե տաճարը: Պոլոնարուվի հյուսիսային մասում է գտնվում այս շրջանի խոշորագույն ճարտարապետական համալիրը՝ ժայռերում քանդակված Բուդդայի երեք արձանները՝ տարբեր դիրքերով:
Ավանդույթներ
Շրի Լանկայում չի կարելի այցելել վանքեր կարճ կիսաշրջազգեստով կամ շորտերով, ինչպես նաև բաց ուսերով կամ մեջքով: Վանք մտնելիս պետք է հանել գլխարկը (եթե այն կա) և կոշիկները, իսկ քանի որ նման վայրերում մաքրությունն այնքան էլ պահպանված չէ, հարկ է առաջանում վերցնել հատուկ նասկիներ: Չի կարելի առանց թույլտվության տեղի բնակիչներին կամ եկեղեցիները նկարել, ինչպես նաև արգելվում է մեջքով կանգնել Բուդդայի արձանին կամ նկարվել նրա կողքին: Արգելված է նաև ցույց տալ որևէ ուղղություն ձեռքով կամ ձախ ձեռքով որևէ բան վերցնել: Շատ կենդանիներ (օրինակ կովը) համարվում են սուրբ և չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:
Խոհանոց
Չնայած եվրոպական ուտեստների բազմազանությանը, ուտեստներն այնուամենայնիվ այստեղ կծու են: Հյուրանոցներում ամենատարածված սննդի ձևը շվեդական սեղանն է: Եթե տուրիստներին դուր չգա որևէ ուտեստ, ռեստորանում կարելի է ընդամենը մատուցողից այլ բան ուզել: Սակայն եթե մատուցողն ասի, որ կերակուր կծու չէ, պետք է, ամեն դեպքում, փորձել մի փոքր: Իսկ ահա «բոլորովին կծու չէ» արտահայտությունն իրականությանը շատ ավելի մոտ է: Անփորձներին խորհուրդ է տրվում կծուն հագեցնել հացով ջրի փոխարեն: Շրի Լանկայի խոհանոցը շատ մոտ է հնդկական խոհանոցին: Գուցե սրա պատճառը նրա աշխարհագրական դիրքն է: Ուտեստների մեջ օգտագործվում են նույն սննդամթերքները՝ ձուկ, արևադարձային մրգեր, շատ կանաչի և համեմունքներ: Առօրյա ճաշացանկի հիմքում ընկած են բրինձը և կարին: Կարին տեղացիների համար մեկ ուտեստ չէ. կարի ձկով, մսով, ծովամթերքով, թռչնամսով, բանջարեղենով և մրգերով: Այս ամենին միավորում է մի յուրահատուկ համեմունքային համադրություն, որը կոչվում է կարի: Այս խառնուրդը ուտեստներին տալիս է յուրահատուկ «վառող» համ: Խորհուրդ չի տրվում չարաշահել տեղական խմիչքը:Հիմնական խմիչքն է արակը (կոկոսի օղին): Այն նույնիսկ տեղացիները շատ չեն խմում, սակայն բազմազանության համար կարելի է համտեսել: Տեղական արտադրության ջինն ու վիսկին առաջացնում են ուժեղ գլխացավ: Մատչելի և համեղ են արևադարձային մրգերը՝ բանաններ (ավելի քան 200 տեսակ), ավոկադո, մանգո, պապայա, նարինջ և կոկոս: Տան ճանապարհին կարելի է այցելել Կոլոմբո և գնել էկզոտիկ մրգեր: Ցեյլոնում հատկապես լավն են արքայախնձորները: Յուրահատուկ է նաև ցեյլոնյան թեյը: