Մայրաքաղաքը` Աթենք
Խոշոր քաղաքները՝ Աթենք ,Սալոնիկ, Պատրաս, Ռոդոս
Պետական լեզուն` հունարեն
Կրոնը` Ուղղափառ քրիստոնեություն
Տարադրամը` Եվրո /EUR/
Ինտերնետային կայք` .gr
Հեռախոսի կոդը` +30
Ժամային գոտին՝ UTC+2
Աշխարհագրություն
Հունաստան (հուն.՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը)։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային,Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։
Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։
Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, բնօրրանն է։
Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001-ից Եվրոգոտու անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։
Վարչական բաժանում
Հունաստանի Հանրապետությունը բաժանված է 13 վարչական օկրուգների (շրջաններ կամ պերիֆերիաների հուն.՝ περιφέρειες), որոնք բաժանվում են 54 նոմի (կամ պրեֆեկտուրաների), իսկ որոնք իրենց հերթին բաժանվաում են 1038 համայնքի։ Լրացնելով այդ 13 օկրուգների ցանկը Հունաստանում կա նաև 14-րդ առաջին մակարդակի վարչական միավոր, որը Այոն Օրոս (հուն.՝ Άγιον Όρος - «Սուրբ Սար») ինքնավար երկրամասն է Աֆոն լեռան շրջանում։
- Ատտիկա / Αττική
- Կենտոնական Հունաստան / Στερεά Ελλάδα
- Կենտրոնական Մակեդոնիա / Κεντρική Μακεδονία
- Կրետե / Κρήτη
- Արևելյան Մակեդոնիա և Թրակիա / Ανατολική Μακεδονία και Θράκη
- Էպիրոս / Ήπειρος
- Հոնիական կղզիներ / Ιόνια νησιά
- Հյուսիսային Էգեյան կղզիներ / Βόρειο Αιγαίο
- Պելոպոնես / Πελοπόννησος
- Հարավային Էգեյան կղզիներ / Νότιο Αιγαίο
- Թեսալիա / Θεσσαλία
- Արևմտյան Հունաստան / Δυτική Ελλάδα
- Արևմտյան Մակեդոնիա / Δυτική Μακεδονί
Խոհանոց
Հունական խոհանոցը միջերկրածովյան կամ բալկանյան խոհանոցի տիպիկ օրինակ է։ Սակայն շատ առումներով հունական խոհանոցը գերազանցում է իր հարևանների՝ Բուլղարիայի, Ալբանիայի և Իտալիայի խոհանոցներից։ Գերազանցում է նախ և առաջ համեմունքներով։ Հույներն իրենց ուտելիքում ավելի հաճախ են համեմունքներ օգտագործում, քան որևէ այլ ազգ Եվրոպայում։ Այդուհանդերձ հունական խոհանոցը կծու չի համարվում։
Հունական խոհանցի մեկ այլ յուրահատկությունը դա ձիթապտղի յուղի առատ օգտագործումն է։ Այն ավելացվում է գրեթե ցանկացած ուտեստին և ոչ միայն օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք, այլև սննդի ջերմային մշակման ժամանակ։ Մեկ այլ անփոխարինելի բաղադրիչն է համարվում լիմոնը։
Հույների հպարտությունը պանիրն է։ Հունաստանում արտադրվում է մոտ 50 տեսակի պանիր (յուրաքանչյուր շրջան ունի դրա պատրաստման իր բաղադրատոմսը)։ Հույներն աշխարհում ամենաշատ պանիր օգտագործողներն են՝ տարեկան 25կգ-ից ավել՝ մեկ մարդու հաշվարկով։ Պանրի ամենահայտնի տեսակը ֆետան է՝ հենց դա է օգտագործվում հանրահայտ հունական աղցանը պատրաստելիս։ Հունաստանում այդ աղցանը կոչվում է «խորիատիկի» (գյուղական)։
Հունաստանում շատ է տարածված նաև միսը։ Նախապատվությունը տրվում է խոզի, ոչխարի և այծի մսին։ Ամենահայտնի խորտիկներից են պաստիցիոն, ինչպես նաև մուսական, որը պատրաստվում է մսից և ավանդական բանջարեղենից։ Տարածված է նաև ձուկը, փափկամորթները և այլ ծովամթերքներ։
Մշակույթ
Հունաստանի մշակույթը ձևավորվել է մի քանի հազարամյակների ընթացքում՝ սկսած Մինոյան քաղաքակրթությունից, այնուհետև այն շարունակվեց Դասական Հունաստանում և հռոմեական տիրապետության ժամանակաշրջանի Հունաստանում։ Օսմանյան լուծը նույնպես իր ներգործությունն ունեցավ հունական մշակույթի վրա։ Բայց նույնիսկ Հունական հեղափոխության ժամանակ ստեղծվում էին երաժշտության, գրականության և գեղանկարչության փայլուն գործեր։ Հունաստանի ժամանակակից մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել ուղղափառական քրիստոնեությունը։ Որոշ ուսումնասիրողներ, օրինակ Ռոբերտ Կագանը, եկել են այն եզրահանգման, որ Հունաստանի ժամանակակից մշակույթը ավելի շատ է կապված Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների հետ, քան Հին Հելլադայի մշակույթի։